Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքը

28.06.2022
Անկանխիկ գործառնությունների մասին ՀՀ օրենքը

01.07.2022թ-ից ուժի մեջ է մտնում <<Անկանխիկ գործառնությունների մասին>> ՀՀ օրենքը:

Եթե մինչ այս ՀՀ օրենսդրությամբ անկանխիկ գործարքների իրավահարաբերությունների կողմ էին հանդիսանում հիմնականում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող անձիք, ապա այս օրենքի ուժի մեջ մտնելով, այն տարածվելու է նաև ֆիզիկական անձանց վրա:

Հերթով նշենք օրենքով սահմանված պահանջները և առանձնահատկությունները՝

  1. Տնտեսվարողների միջև տեղի ունեցող գործարքներում 

Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի, նոտարների,   փաստաբանների և կազմակերպությունների միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից:

  1. Տնտեսվարողների և ֆիզիկական անձանց միջև տեղի ունեցող գործարքներում
  • Հայաստանի Հանրապետության տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից 2022 թվականի հուլիսի 1-ից 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող ապրանքների օտարման, գույքի օտարման, ապրանքների օգտագործման, գույքի օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման, վարձավճարների, շահաբաժինների և այլ պասիվ եկամուտների վճարման, փոխառությունների տրամադրման և ստացման գործարքների, եթե դրանց մի կողմը ֆիզիկական անձ է, դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից: 

  • Օտարերկրյա կազմակերպությունների և Հայաստանի Հանրապետության անհատ ձեռնարկատերերի, նոտարների, փաստաբանների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց միջև իրականացվող ցանկացած գործարքի դիմաց վճարումը և վճարի ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով` անկախ վճարման կարգից, եթե վճարումը կամ վճարի ստացումը կատարվում է Հայաստանի Հանրապետության տարածքում:

  • Փաստաբանական ծառայությունների, ինչպես նաև բոլոր խորհրդատվական ծառայությունների մատուցման, նոտարական գործողությունների և ծառայությունների մատուցման դեպքերում վճարների ընդունումն իրականացվում է անկանխիկ ձևով:
  • Բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերը և փոխառությունները տրամադրվում են բացառապես անկանխիկ ձևով: Բանկերը ավանդները կարող են ընդունել և հետ վերադարձնել (ներառյալ տոկոսները) նաև կանխիկ ձևով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով: Բանկերի, վարկային կազմակերպությունների տրամադրած վարկերը կարող են մարվել (հետ վերադարձվել) նաև կանխիկ ձևով, եթե այլ բան նախատեսված չէ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով կամ պայմանագրով։

  • Աշխատավարձերը վճարվում են անկանխիկ ձևով 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի, փաստաբանների և նոտարների կողմից: Հաշմանդամության կարգ ունեցող անձի գրավոր դիմումի հիման վրա նրա աշխատավարձը կարող է վճարվել կանխիկ ձևով:
     
  • Կրթաթոշակները, ներկայացուցչական ծախuերի դիմաց կատարվող վճարումները, գործուղման նպատակով կատարվող վճարումները, պետական գնումների հետ կապված վճարումները կատարվում են անկանխիկ ձևով՝ սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից:

  • Սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող բժշկական կազմակերպություններում (հաստատություններում) մատուցված բոլոր բժշկական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:

  • Սկսած 2022 թվականի հուլիսի 1-ից՝ Երևան քաղաքում, 2023 թվականի հուլիսի 1-ից՝ Հայաստանի Հանրապետության մարզերի վարչական կենտրոններում, 2024 թվականի հուլիսի 1-ից՝ այլ բնակավայրերում գործունեություն իրականացնող ուսումնական հաստատություններում մատուցված բոլոր կրթական ծառայությունների դիմաց կատարվող վճարներն ընդունվում են անկանխիկ ձևով:
  1. ֆիզիկական անձանց միջև տեղի ունեցող գործարքներում

Հայաստանի Հանրապետության տարածքում ֆիզիկական անձանց միջև 2022 թվականի հուլիսի 1-ից 500,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող վճարումը և վճարման ստացումը բոլոր այն գործարքների դիմաց, որոնց արդյունքում ծագող իրավունքները ենթակա են պարտադիր գրանցման (անշարժ գույքի, տրանսպորտային միջոցի առ ու վաճառք), իրականացվում են անկանխիկ ձևով՝ անկախ վճարման կարգից:

Ֆիզիկական անձանց միջև 300,000 Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող փոխառությունների տրամադրումը և ստացումն իրականացվում են անկանխիկ ձևով:

Տնտեսվարող սյուբեկտները ապրանքների վաճառքի, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման ընթացքում պետք է ունենան և հաճախորդի ցանկությամբ ապահովեն վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով վճարման ընդունում: