Ապրանքային նշաններում աշխարհագրական անվանումների ներառման հարցը ՀՀ-ում
«Աշխարհագրական նշումների մասին» ՀՀ օրենքի վերլուծությունից պարզ է դառնում, որ աշխարհագրական նշումը կարող է իրավական պահպանություն ստանալ միայն դրա գրանցման հիման վրա։ Պահպանություն տրամադրելու համար հիմք է հանդիսանում ապրանքի՝ տվյալ տարածքից ծագած լինելու հանգամանքը, դրա յուրահատուկ որակի և այլ բնորոշ հատկանիշների հիմնականում պայմանավորված լինելը տվյալ աշխարհագրական ծագմամբ, ինչպես նաև դրա արտադրված և (կամ) վերամշակված և (կամ) պատրաստված լինելը տվյալ աշխարհագրական վայրում։
Ինչ վերաբերում է ծագման տեղանուններին, ապա ծագման տեղանունը կարող է իրավական պահպանություն ստանալ միայն դրա գրանցման հիման վրա։ Պահպանություն տրամադրելու համար հիմք է հանդիսանում ապրանքի՝ տվյալ տարածքից ծագած լինելու հանգամանքը, դրա յուրահատուկ որակի և այլ բնորոշ հատկանիշների գլխավորապես կամ բացառապես պայմանավորված լինելը տվյալ աշխարհագրական ծագմամբ, ինչպես նաև դրա արտադրված, վերամշակված և պատրաստված լինելը տվյալ աշխարհագրական վայրում։
Փաստորեն օրենսդիրը աշխարհագրական նշումներին և ծագման տեղանուններին իրավական պահպանություն նախատեսել է միայն դրանց պետական գրանցման դեպքում՝ ընդ որում ծագման տեղանվանը իրավական պահպանություն տրամադրելու նկատմամբ սահմանել է ավելի խիստ պահանջներ, քան նախատեսված են աշխարհագրական նշումի պարագայում։ Մասնավորապես դրանց հիմնական տարբերությունը կայանում է հետևյալում․
- Աշխարհագրական նշումին պահպանություն տրամադրելու պարագայում ապրանքի յուրահատուկ որակը, համբավը կամ այլ բնորոշ հատկանիշները պետք է պայմանավորված լինեն տվյալ աշխարհագրական ծագմամբ հիմնականում, մինչդեռ ծագման տեղանվան պարագայում՝ գլխավորապես կամ բացառապես։
- Աշխարհագրական նշումի պարագայում օրենսդիրը պահանջել է, որ ապրանքները արտադրված և (կամ) վերամշակված և (կամ) պատրաստված լինեն տվյալ աշխարհագրական վայրում, մինչդեռ ծագման տեղանվան պարագայում անհրաժեշտ է այս պայմանների միաժամանակյա առկայություն, այն է՝ տվյալ ապրանքները պետք է և՛ արտադրված, և՛ վերամշակված, և՛ պատրաստված լինեն տվյալ աշխարհագրական վայրում։
Ինչպես նաև նշենք, որ Ապրանքային նշանը չի կարող բաղկացած լինել միայն այնպիսի տարրերից, որոնք ենթակա չեն գրանցման որպես առանձին ապրանքային նշաններ, (օրինակ՝ Երևան), իհարկե, ապրանքային նշանի որոշ տարրեր, որոնք ենթակա չեն գրանցման որպես առանձին ապրանքային նշաններ, կարող են ներառվել ապրանքային նշանում, եթե հայտատուն կամ իրավատերը խնդրել են դիսկլամացնել (ապրանքային նշանի որևէ տարրի ինքնուրույն իրավական պահպանությունից հրաժարվել) այդ տարրերը։
Չպահպանվող տարրի առկայությունն ու դրա հորինվածքային կապերը մնացած տարրերի հետ ապահովում են տվյալ ապրանքային նշանի տարբերակիչ հատկությունը, սակայն չպահպանվող տարրն այլ սուբյեկտների կողմից ևս կարող է բարեխղճորեն օգտագործվել։ Այս դեպքում չպահպանվող տարրերն սպառողի մեջ չպետք է շփոթություն առաջացնեն տարբեր արտադրողների, նրանց գտնվելու վայրի, կամ ապրանքի արտադրության հարցում։